ՕԵԿ նախաձեռնած արտահերթ նիստը կկայանա: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Այն տեղի կունենա Ազգային ժողովի գալիք քառօրյայի առաջին օրը:
«Տեղյակ եք, որ մենք հանդես էինք եկել արտահերթ նիստ հրավիրելու հախաձեռնությամբ: Տեղեկացնեմ, որ մեզ հաջողվել է իրականացնել ստորագրահավաք և սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:30-ին, արտահերթ նիստը կկայանա»,- ասաց Բիշարյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցությունները:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ արտահերթ նիստում քննարկվելու է մի հարց, որը հուզում է հանրությանը և բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս:
«Խոսքը վերաբերում է նրան, որ այս պահին մեր օրենսդրությամբ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն առանց դատարանի որոշման իրավունք ունի արգելանք դնել մարդկանց ունեցվածքի վրա և նույնիսկ բռնագանձումներ իրականացնել, ինչն անընդունելի է»,- ասաց Մարգարյանը: