Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 32 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ նիստը սկսելու համար անհրաժեշտ քվորում չկա:

 

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե 3 ժսմվա ընթացքում անհրաժեշտ քվորում չապահովվի, ապա նիստը չի կայանալու: ԱԺ նախագահը հայտարարեց երեքժամյա ռեժիմի անցնելու մասին:

 

Պատգամավորներից մեկը դահլիճում բողոքեց, որ ՀՀԿ-ն բոյկոտել է արտահերթ նիստը, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ևս բոյկոտել են: «Դուք արտահերթ նիստ գումարելու համար 44 ստորագրություն եք հավաքել, սակայն գրանցվել է 32 պատգամավոր: Այդ դեպքում, դուք ինչո՞ւ եք բոյկոտել»,- հարցրեց ԱԺ նախագահը՝ հայտարարելով երեքժամյա ռեժիմ:

 

ՕԵԿ խմբակցության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում պետք է լիներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Համապատասխան փոփոխությունը վերաբերում է ԴԱՀԿ-ի կողմից արտադատական բռնագանձումները վերացնելուն: