Հանդիպման վայր' Ազատության հրապարակ, միջոցառման անվանումը' բողոքի ակցիա նվիրված հացադուլ-ծոմին, սատարողների թիվը' 30-35 հոգի: Շոգ եղանակն ու մարդկանց սակավաթիվ լինելը չխանգարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին նախատեսված ժամին մոտենալ ամբիոնին ու սկսել հանրահավաքը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մինչ քաղաքական հարցերին անցնելը Հայրիկյանը ներկաներին առաջարկում է նախ աղոթել ու տիրոջից խնդրել, որ իրենք ճիշտ ուղուց չշեղվեն: Ամբիոնին է մոտենում Հայրիկյանի համակիրներից մեկն, ով արդեն մեկ շաբաթ է' Հայրիկյանի հետ հացադուլ է անում: Ընդհանուր առմամբ' հացադուլի գաղափարին միացածների թիվը յոթն է: Նրանց բոլորի անունը Հայրիկյանը հերթով կարդաց ու հրավիրեց իր մոտ' ամբիոնի մոտ:

 

Կիրակի օրվանից մեկնարկած հացադուլ-ծոմի նպատակը Հայաստանում անցկացվելիք սահմանդրական բարեփոխումներն են: Հայրիկյանն այդ բարեփոխումների հետ համամիտ չէ: Պատճառն այն է, որ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներից միայն նա էր խոսում սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ հիմա իշխանությունը հանկարծ որոշեց անցնել սահմանադրական բարեփոխումների: Հայրիկյանը խոստովանում է' անկեղծություն չի տեսնում, եւ հենց դրան էլ ուղղված է իր բողոքի ակցիան' հացադուլ-ծոմը:

 

Իրեն քննադատողներին Հայրիկյանը հիշեցնում է, որ ինքն առաջիններից էր, ով պայքարում էր Հայաստանի անկախության համար: Իսկ թե ինչու է հացադուլ անցկացնելուն զուգահեռ զբաղվում նաեւ այլ աշխատանքներով եւ իր բողոքը չի անցկացնում դասական ձեւով' որեւէ վայրում նստելով, Հայրիկյանը սաստում է. ինքը պարապ-սարապ մարդ չէ, որ բան ու գործը թողնի ու նախագահականի դիմաց նստի:

 

 

Լինելով հայ առաքելական եկեղեցու հետեւորդ' հացադուլը Հայրիկյանը մեկնարկել է աղոթքով եւ ուխտագնացությամբ, եղել Հայաստանի մի շարք եկեղեցիներում: Ծոմը նույնպես կավարտի ժամերգությամբ: Այսօր երեկոյան ինքն ու իր համակիրները կայցելեն եկեղեցի ու կմասնակցեն ժամերգության, իսկ վաղը առավոտյան կդադարեցնեն իրենց ծոմը' եկեղեցու կարգն է, շաբաթ օրը ծոմ չեն պահում:

 

Ծոմապահության ավարտը, սակայն, չի նշանակում, որ պայքարն ավարտվեց: Հաջորդ հանրահավաքը Հայրիկյանը նախատեսում է անցկացնել սեպտեմբերի 21-ին: