Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակից երկրների ղեկավարները հաստատել են կազմակերպությանն անդամագրվելու նոր կարգը: ՇՀԿ-ին անդամագրվել ցանկացող պետությունների պարտավորությունների վերաբերյալ հուշագիրն ստորագրվել Է պետությունների ղեկավարների խորհրդի՝ սեպտեմբերի 12-ին Դուշանբեում կայացած նիստի արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Կազմակերպությանն անդամագրվելու նոր կանոնները թույլ կտան արդեն հաջորդ գագաթնաժողովում, որը 2015 թվականին տեղի կունենա Ռուսաստանում, ՇՀԿ-ի կազմում ընդգրկել Հնդկաստանը եւ Պակիստանը:

 

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՇՀԿ-ի ընդլայնված նիստում, հայտարարել Է, թե Ռուսաստանը, ստանձնելով ՇՀԿ-ի նախագահությունը, ակնկալում Է, որ եկող տարի այդ կազմակերպության ընդլայնման գործընթացն իրական գծեր ձեռք կբերի:

 

Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն Է, որի մեջ մտնում Է վեց պետություն՝ Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Այժմ ՇՀԿ-ն նախագահում Է Տաջիկստանը:

 

ՇՀԿ-ի անդամ պետությունների ընդհանուր տարածքը կազմում Է շուրջ 30,19 մլն քառակուսի կիլոմետր, ինչը հավասար Է Եվրասիայի տարածքի երեք հինգերորդին, իսկ բնակչությունը հասնում Է 1,5 մլրդ մարդու, ինչը կազմում Է մոլորակի ամբողջ բնակչության քառորդ մասը: ՇՀԿ-ին առընթեր դիտորդ պետություններն են՝ Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը: Բելառուսը, Թուրքիան եւ Շրի Լանկան ունեն երկխոսության գծով գործընկերների կարգավիճակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: