Միացյալ նահանգների և Եվրոպական միության հայտարարած նոր պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Ռուսաստանի վարկունակության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասվում է միջազգային հեղինակավոր Moody's Investors Service վարկանիշավորող կազմակերպության վերանայված զեկույցում:
Ըստ վերլուծաբանների' նոր պատժամիջոցները «ճնշում են գործադրում» Ռուսաստանի տնտեսական երկարաժամկետ աճի, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին դիրքերի վրա, որոնք Ռուսաստանի վարկունակության հիմնական ուժեղ կողմերն էին:
Եվրամիությունը սեպտեմբերի 12-ին հրապարակել էր Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որով արգելվել է պարտային ֆինանսավորման կազմակերպումը Ռուսաստանի վառելիքաէներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմ նեֆտ»-ի համար: ԵՄ-ն արգելք է սահմանել այդ ընկերությունների՝ շրջանառման ավելի քան 30-օրյա ժամկետով պարտատոմոսերով սակարկությունների և նման արժեթղթերի թողարկման կազմակերպմանը մասնակցելու վրա: ԵՄ-ն նաև սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ «Սբերբանկ»-ին, ՎՏԲ-ին, «Գազպրոմբանկ»-ին, ՎԷԲ-ին և «Ռոսսելխոզբանկ»-ին, փոխառություններ և ներդրումային ծառայություններ տրամադրելու վրա: