Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է արգելել Ռուսաստանի 200 քաղաքացիների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

«Նախնական ցուցակում հայտնվել է շուրջ 200 մարդ: Խոսքը ՌԴ-ի այն քաղաքացիների եւ քաղաքական գործիչների մասին է, որոնց մուտքը Ուկրաինայի տարածք կարգելվի»,- ասել է նա ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում:

 

Բացի այդ, Յացենյուկը նշել է ռուսական ընկերությունների դեմ պատրաստվող պատժամիջոցների մասին: «Խոսքը վերաբերում է ակտիվների սառեցմանը, սեփականաշնորհմանը մասնակցության արգելքին, Ռուսաստանի կառավարությանը մոտ բոլոր ընկերությունների նկատմամբ ֆինանսական մոնիթորինգ սահմանելուն»,- ասել է նա եւ հավելել, որ պատժամիջոցները վերաբերում են նաեւ պետական միջոցների հաշվին ՌԴ-ից ապրանքների գնմանը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: