ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:
Ողջունելով հյուրերին' ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եւ բարեկամական հարաբերությունները, կարեւորել դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաեւ երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունման եւ հայանպաստ դիրքորոշման, ինչպես նաեւ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որդեգրած կառուցողական դիրքորոշման համար, ըստ որի՝ Հունաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տարբեր միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ անընդունելի է համարում որոշ հույն պատգամավորների վարքագիծը, որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը, խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշել է, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատել է, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, իսկ այն պատգամավորները, որոնք ցուցաբերում են այլ դիրքորոշում, արտահայտում են իրենց անձնական մոտեցումները:
Անդրադառնալով տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանություններին՝ Գավրիլ Ավրամիդիսն այն համարել է ողջ մարդկության դեմ կատարված ոճիր՝ անհրաժեշտ համարելով ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրել է ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» գիտաժողովին, որը նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-23-ին՝ Երեւանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: