Թուրքիան շարունակում է չճանաչել Ռուսաստանին միանալու վերաբերյալ Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը:

 

«Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեն Անկարայի համար օրինական չէ: Թուրքիան շարունակում է չճանաչել այդ հանրաքվեի արդյունքները, որով ինքնավար հանրապետությունը մտել է Ռուսաստանի Դաշնության կազմ», -ասել է նա:

 

Այդուհանդերձ, Թուրքիան չի միացել ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների եւ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառմանը: Ընդհակառակը' օգտվելով այդ պատժամիջոցներից, Թուրքիան ակտիվացրել է բնամթերքի առեւտուրը Ռուսաստանի հետ:

 

Ուշագրավ է, որ Թուրքիան Ղրիմի հանրաքվեն չճանաչելու մասին հայտարարությունը նորացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ռազմականացնել Ղրիմը:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ հայտարարել է, որ 2014 թվականից սկսած երկրի հարավարեւմտյան տարածաշրջանում ռազմական եւ քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով որոշվել է Ղրիմում լիակազմ բանակ տեղակայել: