Ադրբեջանում վերջին 2000-2013 թվականների ընթացքում ամուսնացած ընտանիքներից 113 հազար 676-ը ամուսնալուծվել են, որի հիմնական պատճառը ծանր նյութական պայմաններն են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Media forum լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին: Կայքը հայտնում է, որ այդ վիճակագրությունը սարսափելի պատկեր է ի հայտ բերում: Պարզվում է, որ այդ տարիների ընթացքում պաշտոնապես ընտանիք կազմած զույգերից մոտ 114 հազարն ամուսնալուծվել են, եւ եթե հաշվի առնվի, որ Ադրբեջանում մեծ թիվ են կազմում չգրանցված ամուսնալուծությունները, ապա այդ թիվը շատ ավելի մեծ կլինի:
«Դա նշանակում է, որ Ադրբեջանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկվում են ծնողների խնամքից, ինչը մեծ խնդիր է երկրի համար: Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ տարեցտարի աղքատությունը երկրում նվազում է եւ հրաժարվում է խոստովանել, որ ամուսնալուծությունների վրա ազդում են օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրները:
Սակայն, հոգեբանական եւ սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունների մեծ մասը Ադրբեջանում առկա ցածր կենսամակարդակն է», -գրում է կայքը' նշելով, որ 13 տարում ամուսնալուծությունների թիվն արագորեն 100 հազարն անցնելու փաստը խոսում է Ադրբեջանում առկա աղետալի վիճակի մասին:
Կայքը հավելում է, որ անցյալ տարի Ադրբեջանում 86 852 ամուսնություն եւ 11 730 ամուսնալուծություն է գրանցվել: Բնակչության յուրաքանչյուր 1000 հոգուն ընկած ամուսնությունների թիվը կազմել է 9.3, ամուսնալուծությունների թիվը' 1,3: