Ադրբեջանում անցյալ տարի գրանցված բոլոր քիմիական թունավորումների 30 տոկոսը տեղի է ունեցել ինքնասպանության փորձի պատճառով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայկոչելով moderator.az-կայքը, հայտարարել է Բաքվի առողջապահության գլխավոր վարչության գլխավոր թունաբան, կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժնի բժիշկ, դոցենտ Իսմայիլ Էֆենդիեւը:
Նրա խոսքով, 2015 թվականին ինքնասպանության նպատակով իրենց թունավորածների մեծ մասը 20-29 տարեկան մարդիկ են եղել, որոնց մեջ գերակշռել են կանայք:
Թունաբանը նշել է, որ 2015 թվականին քիմիական թունավորումով հիվանդանոց են տարվել 2462 հոգի, 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2435 մարդ, 2013 թվականին' 2444 մարդ, 2012 թվականին' 2691 մարդ:
Բժիշկն ասել է, որ քիմիական թունավորումների շարքում գերակշռել են դեղամիջոցների, գազի արտահոսքի եւ այրող նյութերի օգտագործման եղանակները:
Իսմայիլ Էֆենդիեւը հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում թունավորվածների 2,8 տոկոսը կամ 78 մարդ մահացել է:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2016 թվականի առաջին ամսում ինքնասպանության արդեն 29 դեպք է տեղի ունեցել: 2015 թվականի ընթացքում այդ երկրում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:
Անցյալ տաի Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով են ավարտվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 5, հայրասպանության 7, հարազատների՝ միմյանց սպանության 20 եւ ամուսինների՝ միմյանց սպանության 20 դեպք է տեղի ունեցել: