ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագծի համաձայն՝ սահմանապահ համայնքի բնակիչներն ազատվում են համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից. հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից, որպեսզի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառայություններ են ստանում համայնքի բնակիչները:
Կառավարությունն առաջարկում է լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար՝ ավելացնելով ևս երկու դրույթ՝ սոցիալական և կրթական կարիքների դեպքերով:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նաև մեկ այլ հոդվածում՝ «Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ 2 միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար»:
Գործադիրն առաջարկում է հանել «հուղարկավորության ծախսերի համար» բառերը, քանի որ չեն բացառվում դեպքեր, երբ զոհվածների ընտանիքները ֆիզիկապես հուղարկավորություն կազմակերպելու հնարավորություն չունենան:
Նախագծով առաջարկում է նաև, որ սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Սահմանապահ համայնքները ՀՀ պետական բյուջեից պետք է ստանան լրացուցիչ օգնություն՝ բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում պետք է ապահովի համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումը պետք է իրականացվի պետպատվերով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա կառավարության նախաձեռնությունն է, որ մյուս պատգամավորները ևս առաջարկություններ ունեն, դրանք աշխատանքային խմբի հետ կքննակվեն: