ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին:

 

Ըստ կառավարության հիմնավորման' համաձայնագրի և պայմանագրի համաձայն' «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:

 

«ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հավանություն է տրվում պայմանագրի նախագծին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին տրվում է լիազորություն պայմանագիրը ստորագրելու համար:

 

Համաձայնագրի և ՀՀ կառավարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև 02.12.2013թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու մասին» համաձայնագրի համաձայն, պայմանագրի ստորագրումից հետո նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ից ստացված դրամական միջոցների հաշվին ՀՀ կառավարության կողմից փոխհատուցման տրամադրում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ ՀՀ սպառողներին գազամատակարարման նպատակով բնական գազի առաքման փաստացի ծավալների համար՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ձեռք բերված բնական գազի գնման փաստացի գնի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների հաշվարկում դրված մեծության տարբերության փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) տրամադրման համար»,-նշված է կառավարության հիմնավորման մեջ: