Սիրիայում բոլոր հայկական վարժարանները, մշակութային կառույցները գործում են' նպաստելով հայապահպանությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

 

«Այսօր Սիրիայում բոլոր վարժարանները գործում են: Որոշ մասն իրենց շենքի մեջ չեն գործում, բայց, այլ շենք անցնելով, մի քանի վարժար անների միացումով ու առավոտվա ու կեսօրվա դասընթացներն իրար հետ անցկացնելով' բոլոր վարժարանները, այնուամենայնիվ, գործում են:

 

Սեպտեմբերի 15-ին դպրոցների վերաբացումը եղավ, և մեծ ոգևորությամբ աշակերտներ եկան ու սկսեցին ուսումնական տարին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Արմաշ Սրբազանը:

 

Անդրադառնալով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հայապահպանության խնդրին' Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը նշեց, որ այդ հարցը միշտ առկա է, բայց չի կարելի ասել, որ հայապահպանությունը համատարած վտանգված է կամ չի իրականանում: «Թեմերը տարբեր են, ամեն երկիր յուրահատուկ է' իր դժվարություններով, մարտահրավերներով:

 

Ինչ վերաբերում է Սիրիային, մենք ունենք ամենօրյա դպրոցներ ու վարժարաններ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն: Փորձում ենք այդ վարժարաններում խոսել հայերեն: Հայախոսությունը շատ կարևոր է. քաջալերում ենք ընտանիքներին իրենց առօրյայում խոսել հայերեն, դրա հետ մեկտեղ կա դպրոցի կյանքից դուրս մշակութային կյանք:

 

Մշակութային միությունների կողմից միջոցառումներ են իրականացվում. անընդհատ հայ մարդն առնչվում է հայկական մշակույթին»,- պարզաբանեց Արմաշ Սրբազանը' հավելելով, որ ներկա ճգնաժամը իր հետ բերեց նոր դժվարություններ ոչ միայն տնտեսական, այլև հայ մարդու ֆիզիկական գոյության վտանգման առումով:

 

Արմաշ Սրբազանի տեղեկացմամբ' մինչ այսօր սիրիական գաղութից 30 հազար հայեր են դուրս եկել: