Օրերս Հայաստանում մեկնարկելու է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացում և մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագիրը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆինանսավորումն իրականացվելու է կազմակերպության արդյունաբերական զարգացման հիմնադրամին Ռուսաստանի Դաշնության կողմից կամավոր հատկացումներից:

 

Նշյալ ծրագիրը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ մշտական ներկայացուցչությունների և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գրասենյակի սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ:

 

Ծրագրի հիմնական նպատակն է' աջակցել ՀՀ տեքստիլի և հագուստի արդյունաբերական ոլորտների զարգացմանը և խթանել հայկական արտադրանքի մուտքն, առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև այլ միջազգային շուկաներ:

 

Ծրագիրն իրականացվելու է տեխնիկական հնարավորությունների բարելավման, դիզայնի և մոդելավորման նորարական մոտեցումների կիրառման և միջազգային գործարար կապերի ստեղծման միջոցով: Ծրագրի իրականացման ընդհանուր գումարը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Ծրագրի պաշտոնական մեկնարկի և համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը կայանալու է սեպտեմբերի 23-ին, Երևանում' ՀՀ , ՌԴ և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: