Երեւանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստին ավագանու անդամները 45 կողմ, 17 դեմ ձայներով հաստատեցին Երեւանի զարգացման հնգամյա ծրագիրը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ Երեւանի զարգացման 2018-2020 թվականների հնգամյա ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկման բոլոր փուլերով: Զարգացման ծրագրի կենտրոնում քաղաքացին է եւ նրա կյանքի որակի բարելավումը: «Երեւանն ունի զարգացման գերակայություններ եւ ուղղություններ, որոնք միտված են քաղաքի առջեւ ծառացած հիմնախնդիրների արդյունավետ եւ համակողմանի լուծմանը: Դրանք ծրագրում դասակարգվել են ըստ կարեւորության եւ հրատապության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Վահե Նիկոյանը նշեց, որ հնգամյա ծրագրով նախատեսվում է ամբողջականացնել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհը, նախատեսվում են Իսակով-Արշակունյաց ճանապարհի, Զվարթնոց օդանավակայան տանող նոր մայրուղու եւ Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ: «Ծրագրով կարգավորվելու է հասարակական տրանսպորտի ոլորտը եւ ներդրվելու է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը: Ծրագրով կկառուցվի նոր միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայր եւ աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարան»,-ասաց նա:
Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ 2022 թվականին ամբղջությամբ լուծվելու է մանկապարտեզների հիմնանորոգման եւ կահավորման խնդիրները; Կարգավորվելու են մանկապարտեզներում առաջացած հերթերը:
Երեւանի ավագանու զարգացման հնգամյա ծրագրին անվստահություն հայտնեցին ավագանու «Ելք» եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունները: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ որ ծրագրում որեւէ կետ չկա երիտասարդ մասնագետների արտագաղթը կանխելու ուղղությամբ: «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունին էլ դուր չէր եկել ծրագրում թվերի քչությունն ու հստակության պակասությունը:
Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ դեռեւս խնդիր է մնում սակավաշարժ մարդկանց համար մայրաքաղաքում գործող լողավազանների, դպրոցների, մշակութային կենտրոնների եւ այլ հաստատությունների մատչելիության խնդիրը: Նա առաջարկեց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության բաժին ստեղծել, ինչպես նաեւ ավելացնել սակավաշարժ մարդկանց մատչելիությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ զարգացման հնգամյա ծրագիրն ուղղված է համայնքի առջեւ ծառացած պարտադիր խնդիրների լուծմանը: «Չկա մի լիազորություն, որ դուրս է մնացել ծրագրից, պահպանված է Երեւան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքը»,-ասաց նա;
Կամո Արեյանը փաստեց, որ ծրագիրն իրատեսական է եւ իրագործելի:
Երեւանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 29-ին: