Հայաստանի գյուղական համայնքներում արդեն մեկ տարի է գործում է «Համագործակցություն հանուն գյուղի զարգացման» ծրագիրը:

 

«Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագրով աշխատաժողովի ժամանակ ծրագրի ղեկավար Անուշ Ասլանյանը ներկայացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի Փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի մեկամյա արդյունքները:

 

«Արդեն 34 համայնքում բավականին գործողություններ ենք իրականացրել, որոնք գնալով ընդլայնվելու են, ու ծրագրին մասնակից համայնքների թիվը հասցվելու է 100-ի: Այս պահի դրությամբ' 300 սկսնակների համար դասընթացներ ենք անցկացրել, 130 ՓՄՁ-ներ մասնակցել են տեխնոլոգիական դասընթացների:

 

76 սկսնակի ֆինանսավորել ենք, ովքեր տարբեր ոլորտներում արդեն աշխատում են, 17-ն ստացել են դրամաշնորհներ' ջերմոցների, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման համար: Ստեղծվել է 133 մշտական և 38 ժամանակավոր աշխատատեղ, 4 ենթակառուցվածքային շինարարական ծրագիր է իրականցվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեղեկացրեց Անուշ Ասլանյանը:

 

Նրա խոսքով' հինգ տարի տևողությամբ ծրագրի արդյունքում նախատեսվում է 1800 ֆերմերների, կանանց, երիտասարդների տալ հնարավորություն օգտվել իրենց կողմից առաջարկվող աջակցության գործիքներից: «600 սկսնակներ կմասնակցեն մեր տարբեր դասընթաներին, 240-ը կֆինանսավորվեն, կստանան վարկավորում ու կշարունակեն իրենց բիզնեսը, նրանցից 90-ը կստեղծեն մոդելային բիզնեսներ:

 

Քառասուն ենթակառույցվածքային ծրագրեր կիրականացվեն տարբեր համայքներում' ոռոգման ջրագծերի, խմոցների, հավաքման կայանների հետ կապված' ելնելով տեղի պահանջարկից: Կստեղծվի 1000 աշխատատեղ, մոտ 4 հազար բիզնեսներ հնարավորություն կունենան օգտվել ֆերմերային կենտրոններից»,- հաղորդեց ծրագրի ղեկավարը:

 

Անուշ Ասլանյանի խոսքով' «Համագործակցություն հանուն գյուղի զարգացման» ծրագիրը միտված է գյուղացու մասնակցությամբ բարեփոխել իր իսկ գյուղական համայնքը: «Մեր գործընկերությունը ոչ միայն գյուղացու հետ է, այլ այն կառույցների, որոնք միակարծիք են գյուղի զարգացման մեր տեսլականի հետ: Նպատակը մեկն է' հզորացնել գյուղական համայնքները' բացահայտելով դրանցից յուրաքանչյուրի ներուժն ու իրացնելով այն:

 

Մենք բացահայտում ենք յուրաքանչյուր գյուղի մրցակցային առավելություններն ու տեղի բնակիչների հետ փորձում օգտագործել դրանք: Այնպիսի գիտելիք ու հմտություններ են փոխանցում տեղի գործարարներին, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել մրցունակ ու կայուն բիզնեսներ: Նպաստում ենք վարկային ու ֆինանսական միջոցների ներքհոսքին դեպի գյուղական համայքներ, ինչպես նաև օգնում ենք, որ գյուղի արտադրանքը գտնի նոր շուկաներ: Աշխատատեղեր ենք ստեղծում գյուղի բնակչության համար' հատուկ շեշտադրելով կանանց ու երիտասարդների կարիքները:

 

Հատուկ անհրաժեշտություն ենք տեսնում ենթակառուցվածքների զարգացման առումով, բնապահպանական խնդիրների վրա ենք կենտրոնանում»,- ներկայացրեց Անուշ Ասլանյանը:

 

Ըստ պաշտոնական տվյալների' գյուղատնտեսությունը ձևավորում է ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 20 տոկոսը: Ոլորտում զբաղված են հանրապետությունում ընդհանուր զբաղվածների շուրջ 40, իսկ գյուղական բնակավայրերում զբաղվածների' 80 տոկոսը:

 

Գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի երկրի արտաքին ապարանքաշրջանառության կառուցվածքում. գյուղատնտեսական ծագման ապրանքներին բաժին է ընկել ավելի քան 21 տոկոսը, իսկ միայն արտահանման կառուցվածքում ոլորտի մասնաբաժինը կազմել է 28.1 տոկոս: