Ադրբեջանում պաշտոնապես տարվող հակահայկական քարոզչությունը այն աստիճանի խելացնորության է հասցրել այդ երկրի ղեկավարությանը, որ նրանք սկսել են իրենց ամեն անհաջողություն կապել հայերի հետ եւ հանդես գալ զավեշտալի հայտարարություններով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ այսօր ընդունված բանաձեւը, որում լուրջ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունը' եվրոպական կառույցների առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ երկրում փաստացի բռնապետություն ստեղծելու համար, Ադրբեջանում դարձել է իրենց անհաջողությունների մեջ հերթական անգամ հայերին մեղադրելու «պատրվակ»:

 

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը, haaqin.az-ի հետ Եվրախորհրդարանի բանաձեւի հետ կապված զրույցում հայտարարել է, որ իր անցկացրած «հետազոտությունների» արդյունքում պարզել է, թե Եվրախորհրդարանում ընդունված հակադրբեջանական բանաձեւը պատրաստել են այդ կառույցի 46 «հայամետ» պատգամավորներ: «Նրանք բոլորն այս կամ այլ աստիճանի կապված են հայկական լոբբիի հետ», -ոչ ավելի, ոչ պակաս, ասել է նա:

 

Ս.Նովրուզովն իր այդ «բացահայտումը» բացատրել է այն զավեշտով, որ Եվրախորհրդարանի կողմից հակաադրբեջանական բանաձեւ ընդունելու հիմնական պատճառն այն է, որ «երկիրն արագորեն տնտեսապես զարգանում է, աճում են բնակչության եկամուտները, լուրջ բարեփոխումներ են անցկացվում», եւ շարունակել թվարկել ադրբեջանական իրականությանը չվերաբերվող այլ անհեթեթություններ: