ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Հայրենիք-Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարևոր են դառնում' թե՛ քաղաքական, թե՛ ազգային առումներով: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ Հրանտ Մարգարյանը նշեց, որ համաժողովներն աստիճանաբար վերածվում են խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի:
«Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել և ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարևորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում և Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները: Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան և հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար: Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակույս, կա, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրավունք մենք չունենք, այլապես կդանդաղեցնենք մեր ընթացքը և կարող ենք մնալ կես ճանապարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը:
Մարգարյանը նշեց, որ չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրավունքների տիրույթում են: «Մեր սերնդի մեծագույն ձեռքբերումն Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլևս միայն մեր սերնդինը չէ, այն նաև հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել և ոչ մի բան: Չի կարելի որևէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից, թե երբ կլինի մեր օրվա օրակարգում հայրենիքի բռնագրավված մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի և անուղղակի զիջ ել մեր, մեզ հաջորդող սերունդների իրավունքը: Թող այն ոմանց համար նույնիսկ երազանք համարվի, սակայն չի կարելի հրաժարվել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակության մղիչ ուժն է: Եվ հենց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրավունքների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի»,- ասաց Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ որքան ուզում է մեծ լինի անհամաձայնությունն իշխանությունների վարած քաղաքականության հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահության չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափությունը, որքան ուզում է կորած լինի հավատը, միևնույն է, չի կարելի խռովել հայրենիքից: «Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձևի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսևորման: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրվակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիվ մեր իրավունքների և ինքնիշխանության լուծելու: Երբ խնդրո առարկա է դառնում երկրի անվտանգությունը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լավագույն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ ավելի մասշտաբային ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզվեցինք հայկական բանակի բարձր պատրաստվածության և արիության մեջ, այլև ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զորակցությանը և քաղաքական ուժերի միասնականությանը»,- նկատեց նա:
Միևնույն ժամանակ, Մարգարյանն ընդգծեց, որ բոլորը հավասար չափով պատասխանատու են երկրի անվտանգության համար, անկախ այն բանից թե ներքաղաքական դաշտում ինչ դիրք են զբաղեցում: Նրա խոսքով՝ ուր կա անօրինականություն ու կամայականություն, ընդվզումն անխուսափելի է: Միասնականությունն ու կայունությունը հնարավոր են դառնում, երբ կա արդարություն: Այլապես ժողովուրդն անկախ իրենից վարակվում է դրսի անպատեհ օրինակներով: «Մինչդեռ, համոզված եղեք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «մարտի 1-երից»:
«Չի կարելիների» այս շարանը կարևոր է մասնավորապես, երբ դիմագրավում ենք ներկա լարված ու վտանգավոր տարածաշրջանային քաղաքական կացությունը: Ամենամեծ վտանգը երկրի Արևելյան ու Արևմտյան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ-հանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը: Սա կարող է իրականություն դառնալ, եթե մենք նույն նպատակն ենք հետապնդում և նույն խաղի կանոններով առաջնորդվում»,- եզրափակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը: