ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով սեպտեմբերի 17-ից 18-ը Հայաստան էր այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը՝ տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Այցելության նպատակն է եղել քննարկել ֆորումի հետ Հայաստանի համագործակցության խորացման խնդիրը:
Սեպտեմբերի 17-ին պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հանդիպել են ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:
«Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունն սկսվել է 2014թ. գարնանը: Ֆորումն զգալի աջակցություն է ցուցաբերել Երևանում 2014թ. հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ՊՆ ԱՌՀի-ի կազմակերպած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի անցկացմանը:
Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամները ԱՌՀԻ-ի պետ Հայկ Քոթանջյանի և ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են «Զառ» զինավարժարան, որտեղ հանդիպել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ, ներկա գտնվել խաղաղապահ բրիգադի վարժանքին:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանն ու ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել է ֆորումի հետ Հայաստանի և, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության սերտացման հնարավոր ուղիների հարցը: Դավիթ Տոնոյանը և Աննիկա Հիլդինգ-Նորբերգը շեշտել են համագործակցությունը խորացնելու երկկողմ պատրաստակամությունը: