Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև կստորագրվի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում:
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման՝ համաձայնագրի կնքումը բխում է ՀՀ և Մոնղոլիայի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտությունից: Երկկողմ ավելի քան քսանմյա հարաբերությունների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել՝ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Վերջին կարևոր զարգացումն է 2013թ. դեկտեմբերին Մոնղոլիայում ՀՀ դեսպանի նշանակումը ( նստավայրը' Պեկին):
Բանակցություններ են վարվում Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարի ՀՀ այցը կազմակերպելու և ՀՀ-ում Մոնղոլիայի դեսպանի նշանակման (նստավայրը' Մոսկվա) վերաբերյալ:
Համաձայնագրի կնքումն ուղղված է ՀՀ և Մոնղոլիայի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացմանը, և կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: