Պաշտոնական Անկարան հերքել է լուրերն այն մասին, թե Թուրքիան զբաղվում է միջուկային զենքի արտադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այդ երկրում միջուկային զենքի արտադրության մասին պնդումները հերքել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
«Թուրքիան նման տեխնոլոգիա չունի: Անգամ եթե ունենա էլ, նման գործով չի զբաղվի»,- ասել է նա: Նախարարի խոսքով' նման լուրերն ուղղված են Թուրքիայի հեղինակությունն արատավորելուն:
Ավելի վաղ գերմանական պարբերականները լուրեր էին տարածել այն մասին, թե Թուրքիան զբաղվում է միջուկային զենքի արտադրությամբ: Գերմանական ԶԼՄ-ների պնդմամբ' Թուրքիան զենքի ստեղծման համար տեխնիկան ներմուծել է Պակիստանից: