Արդեն մի քանի օր է, ինչ երեք նավ, որտեղ կան ուղևորներ, փոթորկի պատճառով չեն կարողանում խարիսխ ձգել Վրաստանի սևծովյան Փոթիի նավահանգստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին «Նովոստի Գրուզիային» հայտնել են նավահանգստի վարչակազմում:

 

Տարերքը վերջին մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարվածել է Վրաստանի արևմտյան շրջանին. Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին և 24-ին զգալի վնասներ է կրել տեղատարափ անձրևներից ու սաստիկ քամուց: Ընդսմին սեպտեմբերի 24-ին տարերքը հարվածել է նաև հարևան Գուրիայի տարածաշրջանին: Ծովում փոթորիկը հասել է 6 բալի:

 

«Այս պահին նավահանգստում է գտնվում երեք լաստանավ»,- հայտարարել է Փոթիի նավահանգստի վարչակազմի ղեկավար Մարիամ Նադարայան:

 

Ինչպես «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հեռախոսով հայտնել է լաստանավերից մեկի ուղևոր Ռոլանդ Դավիթաձեն, նավում գտնվում են Վրաստանի և Ուկրաինայի 55 քաղաքացիներ: Նրա խոսքով՝ նավի վրա, որը Օդեսայի նավահանգստից ուղևորվել է սեպտեմբերի 21-ին, սպառնում է ջրի և սննդի պաշարը:

 

«Սեպտեմբերի 24-ին մենք հասանք այստեղ ու կանգ առանք: Կանգնած ենք արդեն երրորդ օրը: Մեր առջև երկու նավ կա, ևս մեկն էլ նավահանգստում է: Անտանելի պայմաններում ենք: Այս նավով տեղափոխում են կովերի, խոզերի… Ահավոր հոտեր են: Միթե չի կարելի, որ մեզ տեղափոխեն մոտորանավակով»,- հայտարարել է Դավիթաձեն:

 

Մինչդեռ Աջարիայում և Գուրիայում շարունակում են պայքարել տարերքի հետևանքների դեմ և հաշվել վնասները: