«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները և այցելուներից մեկը սեպտեմբերի 26-ի առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ' 6.21.4. 2) նկատմամբ իրավախախտման դեպքի ընթացքը:
Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները նկատել են իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում' հատուցել օրենքով սահմանված կարգով:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից ութսունապատիկի չափով: