Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով րոպեներ առաջ երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գորերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին:
ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:
Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: