Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան կլինի ընթացիկ տարում հայ-ֆրանսիական հարաբերությունների նշանակալի պահերից մեկը: Այդ մասին ապրիլի 11-ին «Արմենպրես»-ի և «Պանորամա»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Շուտով նախատեսված է հանրապետության նախագահի պետական այցը Հայաստան: Սա կլինի այս տարվա հայ-ֆրանսիական հարաբերությունները պսակող կարևոր, նշանակալի պահերից մեկը»,- նշեց Ռենոն: Ճշտող հարցին՝ Ֆրանսիայի նախագահի այցը կլինի մայիսին' դեսպանը դիվանագիտական պատասխան տվեց. «Ես կարդացել եմ մայիս ամիսը»:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը տեղեկացրել էր, որ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան նախանշված է մայիսի 12-ին: Նա նաև նշել էր, որ պաշտոնապես հայտարարվել է Օլանդի կողմից Ծիծեռանակաբերդի հուշահամալիր այցլելության մասին: Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ցուցանիշով առաջատար դիրքեր է զբաղեցնում:
Պետական այցը դիվանագիտության մեջ այցելությունների ամենաբարձր մակարդակն է համարվում: