ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Սա Իտալիայից նման մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան»,-ասաց ԱԳՆ խոսնակը:
Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա երրորդ բարձրաստիճան այցն է Հայաստան: Առաջինը կայացել է 2012-ի հոկտեմբերին, երբ Հայաստան է ժամանել Պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան, երկրորդը՝ 2016 թվականին՝ Արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնի մակարդակով։
2018 թվականի վեց ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 70.8 միլիոն դոլար, ինչը 42.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-ի ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200.7 միլիոն դոլար, որը 25 տոկոսով գերազանցել է 2016-ի ցուցանիշը: Նախորդ տարի Իտալիայի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 3.1 տոկոս է եղել: 2017-ին Հայաստանից Իտալիա արտահանվել է 37.4 միլիոն դոլարի ապրանք, աճը կազմել է 17.4 տոկոս: