ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված' Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին՝ նախարարը նշել է, որ այն ունի դարերի պատմություն, երբ երկու եղբայրական ժողովուրդ միասին մասնակցել են ազատագրական պայքարին:

 

Նախարարը վկայակոչել է երկու ժողովուրդների ճակատագիրը, որը նրանք պատվով են կիսել՝ միասին դիմակայելով ընդհանուր փորձություններին ու դժավարություններին: Հայաստանը այսօր եզդիների հայրենիքն էլ է, որտեղ նրանք ապրում և ստեղծագործում են:

 

Նա հավելել է, որ այսօր էլ ավանդույթ դարձած բարեկամությունը շարունակվում է, ինչի վկայությունն է Իրաքի Շանգալ նահանգում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների ոչնչացման խստագույնս դատապարտումը բարձր ատյաններում' Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, և այդ աղետի բացասական հետևանքների մեղմման համ ար ցուցաբերած օժանդակությունը:

 

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կիսում է եզդի ժողովրդի ցավը և օրհասական պահերին միշտ եղել ու մնալու է նրա կողքին: Հովհաննես Մանուկյանը, դիմելով ներկաներին, վստահեցրել է, որ հայ և եզդի ժողովուրդների փոխօգնությունն ու փոխվստահությունը շարունակական կլինեն՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության և ի փառս մեր ընդհանուր Հայրենիքի: