ԵԿՄ վարչության նախագահի ծրագրից բխող այցելությունները մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ շարունակվում են: Ամենուր հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում: Այդպես էր նաեւ Հրազդանում: Այստեղ նույնպես միջոցառումն սկսվեց երկրապահավարի' զոհված ազատամարտիկների հուշարձանին ծաղկադրման արարողությամբ:

Բուն միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը ներկայացրեց այս այցլությունների կարեւորությունը, Երկրապահի ղեկավարի անունից մեկնաբանեց, թե տեղերում ինչ նոր հեռանկարներ են բացել ԵԿՄ-ի' արտակարգ իրավիճակների նախարարության հետ ստորագրած հուշագիրն ու կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության հետ ստորագրված եռակողմ հուշագիրը: Ներկայացվեց, որ Զորավարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի փոխհամաձայնությամբ ստեղծված ակտիվ համագործակցությունը Մայր եկեղեցու հետ առաջիկայում եւս փաստաթղթային տեսք կստանա:

Երկրապահի գործունեության ոլորտներն իսկապես էլ շատացել են, եւ դրանով պայմանավորված' ընդլայնվում են տարածքային, մարզային խորհուրդները, դրանցում ընդգրկվում են գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ: Բոլորն են ընդունում, որ Երկրապահն այսօր պետական կարեւորության, պետական նշանակության աշխատանք է կատարում: Եվ պատահական չէ, որ երկրապահական բոլոր միջոցառումներին մասնակցում եւ խոսք են ասում մարզպետներն ու համայնքապետերը:

Միջոցառման ժամանակ սրտաբուխ խոսքեր ասացին նաեւ տարբեր սերունդի երկրապահներ' պատերազմի մասնակիցներ, զոհվածների հարազատներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ:

Հանդիսավոր նիստի ավարտին տեղի ունեցավ պարգեւների հանձնում, ինչպես նաեւ' ԵԿՄ նորագիրներին անդամության վկայականների հանձնում: Այս տարածքից վերջին մեկ ամսվա ընթացքում Երկրապահն ունեցել է հազարից ավելի նոր անդամ: