ԱՄՆ-ն հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աշխատանքային վիզա տրամադրելուց: Այս մասին գրել է վրացական «Ալիա» թերթը:

 

Ամերիկյան քաղաքական վերնախավը հիասթափվել է Սաակաշվիլիից. նա գրեթե չունի ոչ մի աջակցություն Սպիտակ տանը:

 

Եթե Սաակաշվիլին իսկապես մերժվել է՝ ԱՄՆ-ում աշխատանքային վիզա ստանալու հարցում, փաստորեն, դա նշանակում է, որ նա այլևս չի կարող ապավինել այդ երկրի քաղաքական ապաստանին, որի կարիքը նա այս պահին ամենաշատն ունի: Ինքը՝ Սաակաշվիլին, այդ ուղերձները դեռևս չի մեկնաբանել:

 

Սեպտեմբերի սկզբին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է փոխել ամերիկյան տուրիստական տեսակի վիզան աշխատանքայինի հետ, որպեսզի վերսկսի Թավթսի համալսարանի հետ ընդհատված համագործակցությունը և այնտեղ դասախոսություններ կարդա:

 

Վրաստանում Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է բացված: Նա կասկածվում է 2007թ. նոյեմբերի 7-ին Թբիլիսում ցուցարարների հանդեպ իշխանության չարաշահման, «Իմեդի» հեռուստաալիքի ոչնչացման, ինչպես նաև հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի գույքի բռնագրավման մեջ: