Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իր պայքարը համադրելու է Սիրիայում իր ներկայությունն ապահովելու հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը' անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որ չի բացառում զորքեր մտցնել Սիրիայի տարածք «Իսլամական պետության» դեմ միջազգային պայքարի շրջանակում:
Թուրքագետի խոսքով, երբ Իրաքում ակտուալ դարձավ «Իսլամական պետություն» խմբավորման խնդիրը և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հակաահաբեկչական գործողությունների իրականացումն ու միջազգային կոալիցիայի ստեղծումը դարձավ օրակարգային, Թուրքիան սկզբում հրաժարվում էր իր ջանքերը գործադրել այդ հարցում: Սակայն հետագայում եղավ դիրքորոշման փոփոխություն, որը թուրքագետը կապում է Թուրքիայի' Սիրիայում ռազմական ներգրավվածության ցանկության հետ:
«Թուրքիան ցանկանում է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունները, որոնք նախատեսված են առավելապես Իրաքում, փոխադրել նաև Սիրիայի տարածք, դա համադրել նաև լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ' ընդդեմ կառավարական ուժերի: Թուրքիայի նախապայմանները միջազգային կոալիցիայիում ներգրավվելու Արևմուտքի, հատկապես, ԱՄՆ-ի հետ բանակցություններում, այն էր, որ այդ ուժերը ներգրավվածություն ունենան Սիրիայում: Պատահական չէ, որ Թուրքիան տարիներ շարունակ ուներ Սիրիայում բուֆերային անվտանգության գոտի ստե ղծելու գաղափար, որը հատկապես Միացյալ Նահանգների կողմից չէր ընդունվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետի բնորոշմամբ' Թուրքիան կփորձի «փուշը փշով հանելու» քաղաքականություն իրականացնել Սիրիայում' լուծելով իր ներքին քաոսային խնդիրները: «Այս ներքին քաոսային իրավիճակում Թուրիքային բավականին ձեռնտու է ներքին մարտահրավերները լուծել «փուշը փշով հանելու» ռազմավարությամբ. ԻԼԻՊ-ի ձեռքով թուլացնել քրդերին և հումանիտար օգնության պատրվակներով ստեղծել անվտանգության գոտիներ, և որ այդ պարագայում միջազգային կոալիցիոն ուժերը պայքարեն ոչ միայն «Իսլամական պետության», այլև Ասադի ուժերի դեմ»,-հավելեց Լևոն Հովսեփյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ թուրքական բանակը կարող է համագործակցել անվտանգության գոտու ստեղծման հարցում, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից պաշտպանվող փախստականների վերաբերյալ միջազգային համաձայնության շրջանակում: «Այն տրամաբանությունը, համապատասխան որի' Թուրքիան ռազմական որևէ դիրք չի գրավում, ճիշտ չէ: Պարտավորությունները պետք է իրենց վրա վերցնեն տարբեր պետություններ, և Թուրքիան կիրականացնի այն դերը, որն իր վրա կդրվի: Օդից հարվածն երը քիչ են, ավիացիային պետք է միանան նաև ցամաքային ուժեր, քանի որ առանց դրանց հնարավոր չէ անընդհատ կարգուկանոն հաստատել»,-ասել է Թուրքիայի նախագահը: