Կատալոնիայում ոստիկանությունը ցուցարարներից ազատել է Իսպանիայի կառավարության ներկայացուցչության շենքի առջևի մայթը, որտեղ ավելի քան հարյուր մարդ վրաններ էին խփել ի նշան Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ նոյեմբերի 9-ին բնակչության հարցում անցկացնելու մասին հրամանագրի գործողությունը դադարեցնելու Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Գործողության ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ: Տուժածներ չկան:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Կատալոնիայի քաղաքների քաղաքապետարանների մերձակա հրապարակներ՝ իրենց բողոքը հայտնելու Սահմանադրական դատարանի որոշման դեմ:

 

Չնայած անձրևին, ամենաբազմամարդ ցույցն անցկացվել է Բարսելոնում, որի մասնակիցները վանկարկում էին. «Մենք ցանկանում ենք քվեարկել: Մենք ժողովրդավարություն ենք ցանկանում»: Ցուցարարների առջև ելույթ է ունեցել Կատալոնիայի ազգային ժողով հասարակական շարժման նախագահ Կառմե Ֆորկադելը, ով հայտարարել է. «Հակառակ ամեն ինչի, նոյեմբերի 9-ին մենք քվեարկելու ենք, քանի որ դա պահանջում է կատալոնացիների մեծամասնությունը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: