«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով արված գրառումը մաքրվել է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքներն սկսվել են սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել երեկ:

 

ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ' 6.21.4. 2) հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նիկիտենկոն ավելի ուշ հանձվել էր ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին: