Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ երկու ամիս տարբեր հարթակներում քննարկել է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որից հետո միայն այն վավերացվել է Ազգային ժողովում: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այն, ինչի մասին հիմա իրենք բարձրաձայնում են, մենք քննարկել ենք երկու ամիս առաջ, տա րբեր հարթակներում: Սակայն, այն ժամանակ որևէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Եթե հիմա այդ օրենքը մարդկանց շահերից չի բխում, եկեք նստենք, միասին քննարկենք, իսկ կոչեր հնչեցնել, ըմբոստանալ, լարել իրավիճակը՝ դա ընդունելի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:
Նա ասաց, որ ոչ իշխանական ուժերը պահանջում են կասեցնել օրենքը և հիշեցրեց, որ օրենքը կասեցնողը ոչ թե կառավարությունն է, այլ Ազգային ժողովը: «Ես ասում եմ՝ ինչո՞ւ կասեցնենք: Եկեք քննարկենք հարցը, հասկանանք մարդկանց մտոհոգությունները: Ես այսօր էլի օրենքից բողոքող քաղաքացիների եմ ընդունել, խոստացել եմ 4 օր հետո հայտնել մեր դիրքորոշման մասին»,- նշեց Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե ինչ լուծումներ է տեսնում հարցի առնչությամբ, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դրանք կախված են այն բանից, թե մարդիկ կոնկրետ ինչի համար են դժգոհում: «Օրինակ, եթե նրանք բողոքում են նրա համար, որ տարեկան շրջանառությունն անցնում է շրջանառության 58 միլիոն 350 հազար դրամ շեմից, ապա այդ դեպքում նրանք ճիշտ չեն այս հարցում:
Որևէ երկիր չկա, որ շրջանառության շեմն այնքան բարձր լինի, որքան Հայաստանում է»,- նշեց վարչապետն՝ ընդգծելով, որ եթե կան այլ խանգարող հանգամանքներ, Կառավարությունը պատրաստ է քննարկել և լուծել այդ խնդիրները:
Անդրադառնալով հարցին, թե առևտրով զբաղվողները բողոքում են նախատեսվելիք ստուգումներից՝ ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ որևէ ստուգում չի լինելու: «Նրանք ասում են' կասեցրեք, որ ստուգումները չլինեն: Բայց մենք էլ ասում ենք, որ հարկայինը դիտարկումներ է անցկացնելու և եթե նկատի, որ մարդիկ առանց փաստաթղթերի ապրանք են վաճառում, պետք է գնան մեկ անգամ զգուշացնեն: Իսկ եթե երկրորդ, երրորդ անգամ գնան, տեսնեն, որ այդ մարդիկ օրենք են խախտում, ապա ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել»,- հարցրեց ՀՀ վարչապետը: