«Բոլոր երկրներում էլ ստվեր կա, բայց մեզ մոտ ավելի շատ է, չգիտեմ' որքան է, բայց կա: Մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտը դուրս բերել ստվերից, և հիմա օգտագործելու ենք մեր այդ լծակները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ հայտարարում, որ սկսելու է իր մերձավորներից, նա պատասխանեց. «Պարզ չի՞' ինչի համար եմ ասում»: Նա նշեց, որ Սինգապուրի վարչապետին, երբ հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից: «Ես ի նկատի ունեմ, որ մեր բոլոր մերձավորներն ու ընկերները հասկանան, որ առաջինն իրենք են պարտավոր որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի մեջ, հարկային դաշտ գան բոլորը: Մեր բոլորի նպատակը դա է, և կարծում եմ՝ ես շատ պարզ եմ ասել: Որևէ տողատակեր փնտրել չարժե: Ես մարդկանց հորդորում եմ, որ իմ մերձավորներից սկսած բոլորի նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերել»:
Վարչապետն ընդգծեց՝ ինքը մոնիտորինգ չի արել, թե ովքեր են ստվերում գործում, դա կանեն պատկան մարմինները: «Մենք մի շատ լավ գործ ենք նախաձեռնել և ունենալու ենք հաջողություն: Եթե դուք էլ կլսեք, որ կան նման դեպքեր, մենք կարձագանքենք յուրաքանչյուրին, ստուգել, եթե իրականությանը կհամապատասխանի, մենք կարգի կհրավիրենք»:
Մեկ այլ հարցի, թե հավատո՞ւմ է, երբ պաշտոնյան ասում է, որ ինքը բիզնես չունի, նա արձագանքեց. «Եթե նա ասում է՝ ունի, ուրեմն պաշտոնից կհրաժարվի, որովհետև օրենքով իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզնեսով զբաղվելն անհամատեղելի են»: Ինքը' վարչապետը, կստուգի այդ բոլոր պաշտոնյաներին, այդ թվում' Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին. «Տարբեր թվեր են հնչեցնում' 25, 30%»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն բանին, որ կառավարությունը հինգ տոկոս տնտեսական աճի մասին է հայտարարել, արդյո՞ք սա նշանակում է, որ հրաժարականի համար արդեն հիմք կա, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես ինչո՞ւ պիտի հրաժարական ներկայացնեմ: Մենք նոր ենք սկսել աշխատել, մեր նպատակն է գալ ու երկար աշխատել ու պետության համար խնդիրներ լուծել: Մենք փորձելու ենք ապահովել տնտեսական աճ ու այս տարի լինելու է կայնունության ապահովումը մեր գործը»: