Թուրքիայի մեջլիսի կողմից Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվությունը պարունակող մանդատի ընդունումից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության հարցերով ժողով է հրավիրել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Չանքայայի պալատում տեղի ունեցած ժողովին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև նախագահի, արտգործնախարարի և վարչապետի խորհրդականները: Անվտանգության և տարածաշրջանային հարցերի քննարկմանն ուղղված ժողովը տևել է 2.5 ժամ:

 

Ժողովից ժամեր առաջ' հոկտեմբերի 2-ին թուրքական մեջլիսը հավանություն էր տվել կառավարության կողմից ներկայացված մանդատին, որը ենթադրում էր սպառնացող վտանգի պարագայում անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում: Այն թույլատրում էր նաև օտարերկրյա զինուժի տեղակայումը Թուրքիայի տարածքում: