Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կախված է այն հանգամանքից, թե որքանով են գերտերությունները շահագրգռված, որպեսզի դա կայանա, և որքանով են պատրաստ նման որոշում կայացնելուն:

 

Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: «Շատ ավելի լավ կլինի, որ Արցախի անկախությունը ճանաչեն 3-4 երկրներ, օրինակ՝ ա ռաջին հերթին՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հայաստանը, քան ճանաչեն 50-60 երկրներ, որոնք քաղաքական կամ տնտեսական առումով ազդեցություն չունեն Արցախի ճակատագրի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ իր խոսքերը կարող են քննադատության առիթ տալ, քանի որ շատ ժամանակ ոգևորություն է առաջանում, երբ ԱՄՆ-ի որևէ նահանգ ճանաչում է Արցախի անկախությունը: «Սա քաղաքական գործընթաց է, որը մենք պետք է շարունակենք, սակայն Արցախի զարգացման համար ես գտնում եմ, որ առաջին հերթին կարևոր են նշված երկրների կողմից Արցախի հետ հարաբերությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց Արա Հարությունյանը: