ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ս. Դանկվերտը, ՌԴ գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Դ. Տրեֆիլովը և այլոք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին' նախարար Նիկոլայ Ֆյոդորովը բարձր է գնատահել գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և նշել է, որ այն բարեկամական և ավանդական բնույթ է կրում:

 

ՌԴ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հայկական արտադրանքն իր որակի շնորհիվ մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում: Այդ են վկայում 2013 թվականին պարենային ապրանքների ներմուծման ծավալները, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 12%-ով : ՌԴ նախարարի կանխատեսումներով, այդ ցուցանիշը ընթացիկ տարում կպահպանվի և ավելացման միտում ունի: Այդ համատեքստում նախարար Ֆյոդորովը տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին, որ ձկնամթերքի ներմուծումներ իրականացնելու համար ևս երեք հայկական ձկնարդյունաբերական ձեռնարկությունների տրվել է «Ռ ոսսելխոզնադզոր»-ի արտոնագրեր:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ևս բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններում ակտիվացումը: Նախարարը կարևորել է նաև հայ գործարարների մասնակցությունը Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառին և «Ոսկե աշուն-2014» 16-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև դեռևս չկարգավորված հիմնախնդիրներին, որոնցից առավել կարևոր են ՀՀ-ից ՌԴ կենդանական ծագման արտադրանքի արտահանման արգելքը, ինչպես նաև «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ փաստացի արգելքների հանման պարագայում հնարավոր է կրկնապատկել ՀՀ-ից ՌԴ գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման ծավալները:

 

Ի պատասխան Հայաստանից մսամթերքի արտահանման վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի մտահոգությանը՝ Ս. Դանկվերտը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություններ կատարել հայկական մսամթերքի շուկայում և նշել է , որ համապատասխան մասնագիտական խումբը Հայաստան կժամանի 2014թ. նոյեմբեր ամսին:

 

Անդրադառնալով «Վերին Լարս» սահմանային անցակետի գործունեությանը' դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ հարցը քննարկվել է ՀՀ և ՌԴ վարչապետերի վերջերս Սոչիում կայացած հանդիպման ընթացքում: Սերգո Կարապետյանը հարցի կարևորությունը հաշվի առնելով' առաջարկել է Նիկոլայ Ֆյոդորովին նույնպես աջակցել վերոնշյալ հարցի կարգավորմանը:

 

Հանդիպման ավարտին քննարկվել է ՌԴ-ում թողարկվող գյուղատնտեսական տեխնիկան նպաստավոր պայմաններով ՀՀ ներկրելու խնդիրը: Ի պատասխան վերոգրյալ հարցի' Նիկոլայ Ֆյոդորովը հայտնել է, որ այն կքննարկվի «Ռոսագրոլիզինգ» կազմակերպության հետ և այդ մասին կտեղեկացնեն հայկական կողմին: