Եվրամիությունն իր հրապարակած ամենամյա զարգացման մասին զեկույցում խստորեն քննադատել է Թուրքիային' արդարադատության և մամուլի ազատության ոլորտներում տիրող վիճակի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman պարբերականը:

 

Անդրադարձ կատարելով 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործողությանը և դրանից հետո սկսված դատական գործընթացներին' զեկույցում նշվում է, որ ոստիկաններին, դատավորներին և դատախազներին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումները մեծապես ազդեցին համապատասխան մարմինների պատշաճ գործունեության վրա:

 

Զեկույցում խոսվում է այն մասին, որ «ԵՄ ռազմավարական գործընկեր» հանդիսացող պետությունում' Թուրքիայում, լուրջ խնդիրներ կան լրատվական դաշտի ազատության հետ կապված: Ընդգծվում է այն փաստը, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող ճնշումները լուրջ գրաքննության պատճառ են դառնում, ինչն էլ խոչընդոտում է մամուլի ազատությանը: Այս առումով հիշատակվել է կառավարության կողմից Twitter-ն ու YouTube-ն օգտագործելու արգելքի սահմանումը, որը հետագայում վերացվեց:

 

ԵՄ-ն նշել է, որ կառույցի հետ Թուրքիայի բանակցություններն առավել արդյունավետ կլինեն, եթե Անկարան կատարի իր պարտականությունները: