ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրել է մեր հանրապետությունում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքներն արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես և պատվիրակությանը հանձնել վերջին շրջանում ոստիկանությունում կատարած աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը:

 

Ընդգծելով ընտանեկան բռնությունների դեմ տարվող աշխատանքի կարևորությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու գիտակցությամբ է ոստիկանությունում կազմավորվել համապատասխան վարչություն, որին տրվել է բարձր կարգավիճակ: Կառուցվածքային այս փոփոխության դրական արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են:

 

Ի պատասխան հյուրերի՝ ոլորտի ծառայողների մասնագիտական պատրաստականության վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետը նշել է, որ գործնական պարապմունքներն այդ, ինչպես և այլ ոլորտներում ոստիկանությունում պարբերական բնույթ ունեն, իսկ ոստիկանության ակադեմիայում այս օրերին էլ գործում է մասնագիտական դասընթաց՝ եվրոպացի գործընկերների համագործակցությամբ:

 

Սպառիչ պարզաբանումներ են տրվել նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների՝ Հայաստանի ոստիկանությունում կանանց ծառայության, նրանց իրավունքների պաշտպանության, մասնագիտական ու ծառայողական առաջընթացի ապահովման վերաբերյալ հարցերին:

 

Հյուրերը ներկայացրել են մեր հանրապետությունում արձանագրված ընտանեկան բռնության մի քանի կոնկրետ դեպքեր, և Վլադիմիր Գասպարյանը հաստատել է դրանք խորապես ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ոստիկանության հանձնառությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս: