Հայաստանի ոստիկանությունն ակտիվացրել է կրիմինալի դեմ պայքարը: Այս մասին այսօր, Սարդարապատում' լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ ոստիկանությունը հատկապես պայքարում է թաղային հեղինակությունների դեմ օրինականության շրջանակներում: Ոստիկանապետի պնդմամբ' ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժը Հայաստանում անցանկալի երևույթների դեմ պայքարելու համար:

 

Անդրադառնալով Վերնիսաժի դեպքերին' Գասպարյանը նշեց, որ բոլոր այն անձինք, ովքեր կապ ունենք Վերնիսաժի միջադեպի հետ, հայտնի են, և ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կհայտնի քննության մասին:

 

Անդրադառնալով Սյունիքում մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքերին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս պահին չի ցանկանում կարծիք հայտնել: «Լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները ծեծի ենթարկելու, դանակահարության մասին, իրականությանը չեն համապատասխանում: Ձերբակալվածներ այժմ չկան, քանի որ քրեական հետապնդում պարունակող տարրեր չկան»,- ասաց նա:

 

Մայիսի 17-ին' ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որՎերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է,որ զինված անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը' 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեեւն է: Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը 30 տարեկան են:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: