Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Ծաղկեպսակների զետեղումից հետո հուշահամալիրում' անմար կրակի մոտ, նախագահությամբ Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար:

 

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը ծանոթացան նաև Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի սրահներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությանը: