Սուրեն Խաչատրյանի նշանակման այս ամբողջ աղմուկի մեջ մի տեսակ ստվերում մնաց, թե ինչու աշխատանքից ազատվեց Սյունիքի նախկին մարզպետը՝ Վահե Հակոբյանը: Հայաստանի պատմության մեջ եզակի երևույթ է, որ մարդը հազիվ մեկ տարի պաշտոնավարի ու ազատվի մարզպետի պաշտոնից:
Ոչ մեկը չնկատեց, որ Հակոբյանն այնքան ապաշնորհ մարզպետ է եղել, որ իշխանությունները, անտեսելով հասարակական աղմուկը, հետ բերեցին Սուրեն Խաչատրյանին: Այդ մարդը հանուն մարզպետ դառնալու մարզում հսկայական ներդրումների խոստումներ էր տվել, սակայն ոչ միայն չէր ապահովել այդ ներդրումները, այլև բոլոր ցուցանիշներով Սյունիքը սկսել էր ռեգրես ապրել:
Բայց մարդիկ գերադասեցին այդ պահին աղմկել և լայքեր հավաքել՝ չնկատելու տալով, որ Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելով՝ իշխանությունները պարզապես սրբագրեցին մեծագույն սխալը՝ անփորձ ու ամբիցիոզ այդ տղային աքսորելով Ջրային պետական կոմիտե: Թե չէ եթե ուզում էին Սուրեն Խաչատրյանին լավություն անել՝ Հայաստանում այնքան պաշտոններ կան՝ առավել յուղոտ ու փողաբեր, որ աննկատ կարող էին նրան նշանակել այնտեղ:
Սա թող դաս լինի «պապայի բալիկներին», որ խոստումներ շռայլելիս մեծ–մեծ «չբրդեն»:
Արամ Հակոբյան