Ժամանակին թվում էր, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային ձեռնարկության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դիրքերն այնքան անսասան են իր պաշտոնում, որ ցմահ կշարունակի ղեկավարել ՛՛մետաղի կայսրությունը՛՛: Սակայն իր տերերին ծառայելիս Հակոբյանը խախտեց խաղի կանոնները և հայտնվեց կոտրած տաշտակի առջև. նրա նախկին ՛՛տերերը՛՛ չհանդուրժեցին նոր տերերին անձնվիրաբար ծառայելու՝ Հակոբյանի ձգտումը և ուղղակի անսպասելիորեն վտարեցին իր պաշտոնից:
Հայտնի է, որ պղնձամոլիբդենային բիզնեսում լուրջ ներգրավվածություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանը, և Մաքսիմ Հակոբյանը համարվում էր նրա բարձր հովանավորությունը վայելող գործարար՚: Հետագայում, երբ Քոչարյանը այլևս նախագահ չէր, շարունակում էր մնալ պղնձամոլիբդենային բիզնեսի գլխավոր դերակատարներից մեկը Հայաստանում, իսկ Հակոբյանը նրա մոտ պարզապես գործադիր տնօրեն էր աշխատում:
Չբավարարվելով իր բիզնես-կնքահայր Քոչարյանի աջակցությամբ՝ Հակոբյանը փորձեց իր նվիրվածությունը ցույց տալ այլոց մոտ և ձեռնարկության վրա վերցրեց կենսաթոշակային պարտադիր կուտակային հիմնադրամներին աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու բեռը, որով, ըստ տարբեր խոսակցությունների, զայրացրեց ՙՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրանից հաշիվ է պահանջել, թե այդ ինչ միջոցների հաշվին է նա մտնում այդպիսի ծանր բեռի տակ: Այսինքն' այդ բիզնեսում իր ՙլուրջ ներգրավվածությունը՚ երկրորդ նախագահն իրականացնում է Մ. Հակոբյանի միջոցով եւ այդ դեպքում, բնականաբար, կուտակային համակարգին նրա կողմից ինքնակամ 5 տոկոսի փոխանցման պարտավորությունը պետք է որ առաջացներ ինչպես երկրորդ նախագահի, այնպես էլ կոմբինատի մնացած բաժնետերերի զայրույթը:
Այսպիսով, չդիմանալով հաճոյանալու գայթակղությանը, Մաքսիմ Հակոբյանը զրկվեց բոլորի աջակցությունից և շատ արագ հեռացվեց այդ հսկայական բիզնեսի ղեկից: Այս պարագայում հասկանալի էր, որ ոտքերը իր վերմակից երկար դուրս ցցելու պատճառով ամբողջ վերմակը ուղղակի քաշեցին նրա վրայից: Հենց այս ամենի արդյունքում Սյունիքի մարզպետի պաշտոնին հրաժեշտ տվեց Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահեն:
Բանն այն է, որ այդ պատանու միակ առավելությունը այն էր, որ սերում էր ՛՛մետաղի կայսրության՛՛ ղեկավարի ընտանիքից և հոր անունը օգտագործելով՝ մանդատ էր ձեռք բերել խորհրդարանում և կարողացել էր խցկվել իշխանության վերին էշելոններ: Կյանքում ոչ մի աշխատանք չարած փափկասուն բազմաթիվ հարուստի տղաների նման՝ նա էլ մեծ-մեծ խոստումներ տվեց՝ մարզպետ նշանակվելու համար, սակայն երբ իր հայրը անպիտան կառավարման համար ուղարկվեց թոշակի՝ պատանի մարզպետը ձախողեց տված բոլոր խոստումները և հեղեղի բերանն ընկած՝ փրկություն գտավ Ջրային պետական կոմիտեում:
Ինչ արած, ջրիկ մարդիկ ապաստանում են ջրիկ պաշտոններում: Որովհետև գոնե իրենց տերերին նորմալ ծառայել չեն կարողանում, ինչ մնաց՝ լուրջ կառույցներ ղեկավարեն:
Արամ Հակոբյան