Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի կարծիքով' Հայաստանի հավաքականն արժանի մրցակից է՝ անգամ առաջատարների բացակայության ժամանակ:
«Ես տեղյակ եմ որոշ հայ ֆուտբոլիստների բացակայության մասին, բայց Հայաստանի հավաքականը, միևնույն է, խաղադաշտ դուրս կգա 11 ֆուտբոլիստով: Ես նայել եմ Սերբիայի դեմ խաղը, և Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթանակի: Մենք խաղադաշտ դուրս կգանք մեր մարտական կազմով' անկախ ամեն բանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դիդյե Դեշամը:
Նա փաստեց նաև, որ մեծ հաճույքով է գալիս Հայաստան, որտեղ ֆուտբոլը բնականոն զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է Եվրո-2016-ի ընտրական փուլին. «Շատ խիտ է դասավորվածությունն ընդհանուր ենթախմբում: Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց Ալբանիային, սերբերն իրենց հերթին բավականին հաջող են հանդես գալիս: Ես բարձր եմ գնահատում բոլորի հնարավորությունները: Խմբի կեսը հնարավորություն ունի դուրս գալու հաջորդ փուլ»:
Անդրադառնալով մյուս մրցակիցներին՝ Դեշամը նշեց. «Թե՛ Սերբիան, թե՛ Պորտուգալիան դժվար թիմեր են: Երկու թիմերն էլ ունեն փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում»:
«Շատ դժվար կլինի մրցակիցներ գտնել այս շրջանի համար, սակայն մենք ուրախ ենք ընկերական խաղերի՝ մեզ ընձեռնված հնարավորության համար»,- ընդգծեց Դեշամը:
Կազմի մասին ֆրանսիացի մասնագետը վերջնական կկողմնորոշվի միայն այսօրվա մարզումից հետո, իսկ այսօրվա մարզմանը Բենզեման չի մասնակցի, այլ կանցկացնի անհատական մարզում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հոկտեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի թիմի դեմ: Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: