Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովայի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքի և սոցիալական բնագավառներում երկու պետությունների միջև համագործակցության հարցեր:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել պայմանագրային դաշտը, մասնավորապես, բանակցություններ սկսել երկու երկրներում բնակվող անձանց կենսաթոշակների և սոցիալական այլ վճարումների սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ:

 

Նշյալ համաձայնագիրը կհստակեցնի կենսաթոշակների հաշվարկի, այդ թվում դրանում՝ մյուս երկրում ունեցած աշխատանքային ստաժը ներառելու կարգը: