Ուկրաինան նոր համաձայնագիր է ստորագրել 2015 թվականի երկրորդ եռամսյակում ռուսական գազի մատակարարումների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՈՒկրաինայի էներգետիկայի նախարարության կայքում:

 

«Համաձայնագրի պայմանների համաձայն՝ գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 248 ԱՄՆ-ի դոլար, մնացած պայմաններն ամբողջությամբ կրկնում են այսպես կոչված «ձմեռային փաթեթի» պայմանները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

«Մենք ստացանք տնտեսապես հիմնավորված շուկայական գին, որն ավելի ցածր է, քան եվրոպական երկրներից ռեւերսի գինը»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը՝ մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը:

 

Նա նշել է, որ ապրիլին Բեռլինում բանակցություններ են պլանավորված 2015-2016 ջեռուցման տարեշրջանում երկարաժամկետ համաձայնագրի շուրջ:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկարաձգել Է Ուկրաինայի համար ռուսական գազի մատակարարումների արտոնյալ ռեժիմը: Մատակարարումների արտոնյալ շրջանը երկրարաձգվել Է մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը: Ըստ որում զեղչատոկոսի չափը չպետք Է գերազանցի հազար խորանարդ մետրի դիմաց 100 դոլարը:

 

Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին հաստատել Է ռուսական գազի գնումների դեպքում Կիեւի համար արտոնյալ ռեժիմի՝ եւս երեք ամսով երկարաձգման հնարավորությունը՝ պայմանով, որ Ուկրաինան կատարի պարտավորագրի բոլոր դրույթները:

 

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը մարտի 30-ին հայտնել Է, որ գազի ընկերությունը դիմել Է Ռուսաստանի կառավարությանը՝ երեք ամիս ժամկետով Ուկրաինայի համար գազի զեղչ տրամադրելու խնդրանքով:

 

Լուսանկարը' «Коммерсантъ»