Սուրիկ Խաչատրյանի՝ ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը և Ծառուկյան Գագոյի ֆինանսավորմամբ գործող հեռուստատեսությունն ամբողջովին հակախաչատրյանական քարոզչությամբ է զբաղված: Ստահոդ ու շինծու, անհիմն ու անբարո հայտարարություններով փորձ է արվում բացասական երանգներով ներկայացնել մի մարդու, որի ծառայություններն այս երկրին հարյուրապատիկ ավելին են, քան իրենց «թագավորինը»՝ Ծառուկյան Գագիկինը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Կարինե Վարդանյանի «տիկնիկային թատրոնը» դիտելուց հետո մեզ համար հասկանալի դարձավ օբյեկտիվ աշխարհի Ձեր ըմբռնման աստիճանը, որը գերազանցում է մարդկային ցինիզմի ողջ զինանոցը: Ակնհայտ երևում է, որ սպասարկվում է մի կուսակցության շահեր, որը կերտվել է, որպեսզի ծառայի այնժամ գործող իշխանությանը: Սակայն դավաճան զավակը դարձավ վախվորած այլընտրանք, որպեսզի մի օր էլ պայքարի քաղաքական իշխանության համար: Հանրությունը նորաթուխ այդ կուսակցության լիդերին ճանաչում է որպես Ծառուկյան Գագիկ: Ձեր կուսակցության անդամները սեփական հեռուստաալիքով «տիկնիկային թատրոնի» ներկայացումների և որոշ ծախու գրչակների միջոցով Սյունիքի մարզպետին կոչում են մակդիրով, սակայն մենք չենք օգտվի Ձեր օրինակից և չենք հետևի բանավեճային Ձեր մեթոդներին ու Ձեր կուսակցության սեփականատիրոջը չենք անվանի համայն հայությանը հայտնի ու իրեն այդքան սազացող անունով:
Ձեր փոքրությունը և ողբերգությունն այն է, որ փորձում եք պիտակավորել և քննադատել ազգային արժեք ներկայացնող անհատների, որպեսզի Ձեզ շրջապատող և կուսակցությունը ներկայացնող նորաթուխ գործիչները հեռու մնան հանրության ուշադրությունից, որպեսզի չբացահայտվի նրանց դատարկ կենսագրությունները: Կարինե Վարդանյանը խոսում է բռնաբարությունների և սպանությունների մասին: Խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել Ձեր կուսակցության լիդեր՝ Գագոյի ռուսաստանյան անցյալը, որտեղ Դուք կստանաք հանրությանը հայտնի փաստերի պատասխանը: Դուք փորձել եք ծաղրել և քննադատել նախ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հետո՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ մոռանալով Ձեր «թագավորիկ» Ծառուկյանի և Ձեր կուսակցության ոչ վաղ անցյալը:
Երբ Սերժ Սարգսյանը կյանքի ու մահվան գուպարի մեջ կազմակերպում և ղեկավարում էր արցախահայության և համայն հայության գոյապայքարը, Գագիկ Ծառուկյանը վախկոտ ազգադավի նման գնացել էր Ռուսաստան փող աշխատելու՝ մոռանալով, որ հայ է ծնվել և ունի պարտականություններ սեփական ժողովրդի և հայրենիքի առաջ: Երբ Սուրիկ Խաչատրյանը 1992թվականին արցախյան պատերազմի ամենավճռական պահին ստեղծեց 500 քաջերից կազմված Գորիսի փառապանծ երկրապահ գումարտակը և անառիկ պահեց Սյունիքի սահմանները, Գագիկ Ծառուկյանը թաքնվել էր անհայտության մեջ: Լինենք արդարացի պատմության առաջ և փաստենք, որ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը զինվորական համազգեստ կրել է, սակայն, ոչ թե հայրենիքի սահմանների կամ օրինականության պաշտպանության համար, այլ՝ անարգել բալոններով գազ վաճառելու համար: ՀՀ ԶՈՒ ներքին զորքերի ենթասպան իր անձնական շահերի համար պղծել է անգամ համազգեստը: Եվ այդ քաղաքական պատահականության կուսակիցները, որոնք գոյատևում են ոչ թե հանուն վեհ գաղափարների ու ազգային շահերի, այլ իրենց ղեկավարի ցուցումով ու թողտվությամբ, փորձում են քննադատել հայոց բանակի, ազգային անվտանգության և ոստիկանության կայացման գործում հիմնաքարային ներդրում ունեցած Սերժ Սարգսյանին: Ազգային հիշողություն չունեցող պատահականությունները չեն խորշում անհիմն մեղադրանքներ հասցեագրել երկրի ու պետականության կայացման խոշոր գործիչ Սերժ Սարգսյանի և արցախյան պատերազմի հրամանատարներից մեկի՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին:
Իհարկե հասկանում ենք, որ Կարինե Վարդանյանը և հաղորդավար Պետրոսը կուսակցական գործիչներ են, սակայն հեռուն նայելուց, ինչպես նաև այս կամ այն թեմային անդրադառնալուց առաջ, անհրաժեշտ է քննարկման նյութ դարձնել Գագիկ Ծառուկյանի անփառունակ գործունեության և ազգային արժեք ներկայացնող տնտեսական միավորների յուրացման տասնյակ օրինակները, որոնցից մի քանիսը հարկ ենք համարոմ ներկայացնել:
Հայ հասարակական ու տնտեսական մտքին անհայտ ու անհասկանալի են, թե ինչպես Երևան-Սևան մայրուղու վրա գազ վաճառող ենթասպան դիմացի բլուրների վրա կառուցեց երկու դղյակատիպ հսկաներ, որոնք ուժգին ապտակներ էին ծանր տնտեսական վիճակում գտնվող հայ հասարակությանը: Անբարոյականության ամենաստոր դրսևորմամբ Արարատի ցեմենտի գործարանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքից խլվեց և ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գնով տրվեց Գագիկ Ծառուկյանին ու ինչպես օրինաչափություն՝ ցեմենտի մեկ տոննայի արժեքը 22 հազար դրամից բարձրացավ մինչև 60 հազարի: Նույն եռապատիկ թանկացումները տեղի ունեցան կոնյակի, շինանյութի, գյուղմթերքների հետ: Նա կործանարար հարված հասցրեց նաև հայ գյուղացուն՝ կարտոֆիլի բանակային մթերումը կենտրոնացնելով իր ձեռքում, իսկ շուկայից զրկված գյուղացին հազարավոր տոննա կարտոֆիլը թափեց աղբանոց: Գիտակից ու մտածող յուրաքանչյուր հայի քաջ հայտնի է, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակից և «Կենտրոն» հեռուստաընկերությունից առանձնացնենք Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը, կմնա միայն տհաս պոպուլիզմը, իսկ եթե Գագիկ Ծառուկյանի վրայից հեռացնենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ու տնտեսական թիկնոցը՝ տակը կմնա միայն հաստաբազուկ ու ժպտադեմ չկայացած քաղաքական գործիչը:
Դուք օգտագործում եք Ձեր դաստիարակությանն ու գործունեությանը հարիր բառապաշար, որն ավելի դիպուկ կերպարանավորում է հենց Ձեր առաջնորդին: Մենք պատրաստ ենք վիճաբանության ու կարծիքների բախման, հարցադրումների ու պատասխանների, սակայն վստահ չենք, որ առանց վերևի թույլտվության ու հրահանգի իրավունք և քաջություն կունենաք ճշմարտությանը նայելու անկախ ու անկողմնակալ՝ խախտելով զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքով սահմանված լրագրողի վարքականոնը, ինչպես նաև կուսակցական գործունեության ձևերն ու մեթոդները: Գագիկ Ծառուկյանը, իրեն սպասարկող լրատվամիջոցները և «Բարգավաճ Հայաստան կուսակցության» գրասենյակը չար նպատակայնությամբ ու թշնամական մոլեռանդությամբ գործում են ընդդեմ Սյունիքի:
Պատմաբան-հասարակագետ, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական
Վոլոդյա Հովհաննիսյան