Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում' Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հանրային կապի պատասխանատու Դավիթ Մուրադյանը, ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրով նախատեսված «Վարկերի դիմաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից երաշխավորությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը Համահայկական բանկի հետ հոկտեմբերի 15-ին ստորագրել է համագործակցության պայմանագիր:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և Համահայկական բանկի միջև այս համագործակցությունը ուղղված է ՓՄՁ-ների զարգացմանն ու արտահանմանը միտված ծրագրերը մատչելի պայմաններով ֆինանսավորելու հնարավորությունների ընդլայնմանը: Սույն համագործակցության շրջանակում Համահայկական բանկի կողմից տրամադրվող երկարաժամկետ զարգացման վարկերի համար ՓՄՁ-ների վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված է գրավադրման խնդրի հաղթահարմանը, հատկապես, երբ այդպիսի խնդիրը կարող է արգելք դառնալ ձեռնարկությունների զարգացման և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ների կամ բարձր ռիսկայնություն ունեցող ծրագրերի վարկավորմանը: Համագործակցության շրջանակներում նախապատվություն կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված՝ արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ներին:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ' 2002 թվականին: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործունեությունն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործունեությունն ուղղված է պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչե լիության ապահովմանը, ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը, նոր ՓՄՁ-ների ստեղծմանն աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի շահառուներն են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված տնտեվարողները:
Համահայկական բանկը ստեղծվել է «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքով, որը մի քանի վերանայումով ամբողջությամբ ընդունվել է 2011թ. հունիսին: Համահայկական բանկը Հայաստանում գործող ձեռնարկությունների զարգացման ֆինանսական կառույց է, որի նպատակն է ֆինանսավորել արտահանմանը միտված Հայաստանի մասնավոր ձեռնարկությունների երկարաժամկետ ներդրումները: Բանկը տրամադրում է երկարատև՝ մինչև 10 տարի ժամկետով վարկեր այն ձեռնարկություններին, որոնց համար երկարատև միջոցներն էապես հասանելի չեն:
Ֆինանսավորման գործընթացն իրականացվում է զուտ շուկայական կանոններով և խորը վերլուծությունների հիմքերով: Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել ՀՀ-ում գործող այն ձեռնարկությունները, որոնք ունեն մրցունակ արտադրանք և պատրաստ են իրականացնել երկարաժամկետ ներդրումներ իրենց արտադրանքն արտահանելու համար: