Բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը նոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու հնարավորություններ է ստեղծում: Լրագրողների հետ հունվարի 15–ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

 

«Ներկա դրությամբ մեր բանկերի կապիտալիզացիայի աստիճանը բավական ցածր է, և այդ է պատճառը, որ արտասահմանյան բանկերից մեզ արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրում միայն Համաշխարհային, Արժույթի միջազգային ու Զարգացման և վերակառուցման բանկերը, իսկ մնացած օտարերկրյա բանկերը գրեթե չեն տրամադրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ասաց նա:

 

«Արմենպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյոք ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի պետությունը բանկերի խոշորացումից հետո տնտեսության վրա հնարավոր բացասական երևույթները մեղմելու ուղղությամբ, փորձագետը նշեց, որ բանկերի խոշորացումը'30 միլիարդ դրամ ընդհանուր կապիտալով, կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսության վրա, եթե պետությունը չապահովի տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն ու կայունությունը:

 

«Բանկերում կուտակված ֆինանսական միջոցները պետք է ռացիոնալ տեղաբաշխել տնտեսության եկամտաբեր արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ ճյուղերում»,-ընդգծեց Վարդան Բոստանջյանը և հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, բանկերի խոշորացումից հետո Հայաստանում գործող 22 բանկերից մնալու են 14-ը:

 

Անդրադառնալով դրամի արժեզրկմանը'տնտեսագետը նշեց, որ մեր տնտեսությունը կապված է ռուբլու գոտու հետ և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն ազդում են դրամի վրա: «Հայաստան մուտք գործող տրանսֆերտների 85 տոկոսը գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, բացի այդ մեր տնտեսավարողների մեծ մասը նույնպես իր գործունեությունը ծավալում է ռուսական շուկայում, և այդ պարագայում ռուբլու հետ կապված ցանկացած տատանում չի կարող չազդել դրամի վրա»,-նկատեց բանախոսը:

 

2014թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ կենտրոնական բանկը որոշում է կայացրել բարձրացնել բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: ՀՀ-ում գործող յուրաքանչյուր և նոր բացվող բանկ մինչև 2017թվականի հունվարի 1-ը պետք է ունենա նվազագույնը 30 միլիարդ դրամ' նախկին 5 միլիարդի փոխարեն: