«Թանկացումները տրամաբանական են, այստեղ այլընտրանք, ըստ էության, չկա, պարզապես իշխանությունները կարող են մտածել մեղմման ճանապարհի մասին»,-այս մասին HayNews.am–ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Եւ, ընդհանրապես, ազատական հարաբերությունների պայմաններում, բնականաբար, ցանկացած տնտեսվարող սուբյեկտ՝ լինի ծառայություններ մատուցող, լինի արտադրող, նրանք անպայմանորեն պետք է կարողանան գների այնպիսի համակարգում աշխատեն, որ հետագա աշխատանքները չխափանվեն , դրա համար էլ նրանք հնարավորինս պետք է կարողանան բարձրացնել գներն ու ծառայությունները, մասնավորապես, տրանսպորտային թանկացման մասին նշենք, որը ցանկալի չի, բայց այլընտրանք էլ չունի»,-ասել է տնտեսագետը:
Ինչ վերաբերում է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ հստակ չէր կարող հայտարարել քանի տոկոսով է թանկանալու, քանի որ կոնկրետ տոկոսի դեպքում մի տեղ շատ, մի տեղ քիչ կստացվի, Բոստանջյանը մեկնաբանել է. «Գնագոյացման սիստեմը տոկոսով ռեժիմ չի ենթադրում, կարող է պատահի Բեգլարյանը չի կարողացել տնտեսագիտական ձեւով ներկայացնել, բայց, այո, տոկոսով թանկացում չի լինի: Ընդհանուր կարող ես ասել՝ գնագոյացումը այսքան տոկոսով է, բայց առանձին ծառայությունների առումով միանգամից ասել՝ այսքան տոկոսով, չի լինի: Տրանսպորտն, օրինակ, կախված է մարշրուտներից, բենզինի ծախսից, տարբեր ծախսերից, հնարավոր չի մատնանշել, այսքան տոկոս»:
Վարդան Բոստանջյանը դժվարացել է կանխատեսել, թե մայրաքաղաքում միջքաղաքային ուղեվարձը որքան է թանկանալու:
«Հնարավոր չէ քաղաքային տրանսպորտը միջքաղաքայինի հետ համեմատել, տարբեր ռեժիմներ են: Մի տեղ կարող է մի տոկսով լինել, մյուսը՝ այլ»: Ինչ վերաբերում է հասարակական վերաբեմունքին, նշել է. «Պետք է ասեմ, որ չափազանց վատ է: Բնականաբար, մեկ դրամ թանկացումն էլ եւ հոգեբանորեն, եւ ֆիզիկական առումով բերում է անտանելի դժվարությունների: Աշխատավարձի բարձրացումը, որ մենք ունենք, ասեմ, որ երբեք դա չի կոմպեսացնում
թանկացումներին»: